Արմեն Տեր-Սարգսյան, «Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայերի հիմնախնդիրները կարող են լուծվել Հայկական Հարցի լուծման միջոցով»

(Ելույթ «Հայոց պետականությունը եւ հայ լրագրությունը» խորագրով Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովում)

Հայկական խնդիրները, որոնք բազմաթիվ են ու բազմաշերտ, շատ հաճախ առանձին – առանձին լուծումներ չունեն, ինչպես օրինակ՝

-Սփյուռքահայության համընդհանուր հայրենադարձության խնդիրը,

-Հայաստանի Հանրապետության «ելք դեպի ծով» դուրս գալու խնդիրը,

-Հայաստանի Հանրապետության հարեւանների հետ արդարացի սահմանազատման խնդիրները,

-Արցախյան հիմնախնդրի լուծումը, այլ ոչ թե անվերջ տարվող ու ձգձգվող բանակցություններին պատանդ մնալու հանգամանքը,

-Մերձավոր Արեւելքի հայ համայքների ներկայի ու ապագայի խնդիրները,

-Արեւմտյան Հայաստանում եւ նրա հարակից տարածքներում ապրող ազգային ինքնությունից հեռացած հայերի խնդիրները եւ այլ…

Այս ամենի համատեքստում հաշվի առնելով, որ՝
– Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը 1894-1923 թթ. թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ հաստատված հավաքականություն է,
– 98 տարի է ինչ Թուրքիայի Հանրապետությունը բռնազավթված է պահում Արեւմտյան Հայաստանի տարածքը,
– Մերձավոր Արեւելքում հայ համայնքների համար առկա են նոր իրողություններ ու մարտահրավերներ,
– Մերձավոր Արեւելքում ապրող հայ համայնքների կենսագործունեությունը վաղուց արդեն էապես տարբերվում է ավանդական Սփյուռք հասկացության կենսագործունեությունից,
– Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությունը, այնուհանդերձ, ազատ ապրելու, ազատորեն զարգանալու եւ արժանապատիվ ապագա ունենալու իրավունք ունի, ինչպես դրանք սահմանված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով ու նորմերով,
– Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր հայրենիքից՝ Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկիայից…
– Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) իրավասությունը տարածվում է ինչպես Արեւմտյան Հայաստան պետության քաղաքացիների, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի բռնագրավված երկրամասի՝ Արեւմտյան Հայաստանի իրավական (de jure) եւ փաստական (de facto) տարածքների վրա,

Արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դրանց լուծումները տրված են հայության բնօրրան վերադառնալու իրավունքով այնպես, ինչպես նշված են 1918-1920 թվականներին կայացված մի շարք որոշումներում, այդ թվում՝
– Ռուսաստանի Կառավարության Դեկրետի (Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվար 1918 թ.,
– Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,
– Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
– Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագրի, 4 օգոստոս 1920 թ.,
– Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոս 1920 թ.,
– ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբեր 1920 թ.:

Նկատի առնելով նաեւ, որ՝
– Մերձավոր Արեւելքում ոչ մի կերպ չեն դադարում զինյալ հակամարտությունները,
– Սեւրի խաղաղության պայմանագրի բոլոր կետերի իրականացումը կարող է վճռական քայլ հանդիսանալ Մերձավոր Արեւելքում իրական խաղաղության ու համագործակցության հաստատման,
– Սեւրի խաղաղության պայմանագրով են հաստատվել Մերձավոր Արեւելքի պետությունների սահմանները, այդ թվում՝ Հայաստան պետության սահմանը, որի վերաբերյալ կայացվել է նաեւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավար վճիռը, որը սակայն մինչեւ այսօր կյանքի չի կոչվել:

Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայերի խնդիրների լուծման բանալին դա Հայկական Հարցի արդարացի լուծումն է, որի պահանջատիրությամբ, հատուկ դիմումնագրերով, հանդես եկավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը:

Շնորհակալություն ուշադրության համար: Մաղթում ենք ամենայն բարիք, հաջողություններ եւ առաջարկների ու ծրագրերի արդյունավետ իրագործում:

01.06.2018 թ.

—————

E-mail: [email protected]

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)