Սաիդա Օհանյան. «Հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության նոր օրը»

(Ելույթ «Հայոց պետականությունը եւ հայ լրագրությունը» խորագրով Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովում)

Քանի որ աշխատանքները սկսում ենք նոր պայմաններում, ուստի թույլ տվեք նախ եւ առաջ շնորհավորել բոլորիս հայ ժողովրդի ապրիլ-մայիսյան զարթոնքի իրականացման, դրա արդյունքները մեր ազգային-պետական համակարգում արմատավորելու գործընթացի, ինչպես նաեւ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության նոր օրվա կապակցությամբ:

Եւ քանի որ սկսում են նոր պայմաններում, ապա խոսքս սահմանափակելու եմ հիմնականում առաջարկ-դրույթներով:

Բազմիցս ներկայացրել ենք համշենահայերի եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում ազգային ինքնությունից հեռացած հայերի խնդիրների մասին: Հսկածավալ աշխատանք կա իրականացնելու կապեր հաստատելու, վստահություն ձեռք բերելու, օժանդակելու եւ ի վերջո արդյունավետ համագործակցություն կայացնելու համար: Այդ ուղղությամբ բավական աշխատանքներ տարվել են «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կողմից: Առաջարկում ենք իրականացնել այդ աշխատանքների սերտ համադրում ու համագործակցություն գործընկերների ու Սփյուռքի նախարարության միջեւ:

Սփյուռքի նախարարությանը առաջարկում ենք հետեւողական լինել նախարության կարգավիճակի պահպանման հարցում եւ թիվս այլ հարցերի՝
ա) հատուկ ուշադրություն դարձնել հայրենադարձության խնդրին,
բ) ավելի մեծ ծավալներով իրականացնել սփյուռքահայ երիտասարդների ուսումնառությանը ՀՀ-ի ուսումնական հաստատություններում:

Տեղեկացնենք, որ «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միություն ներկայացուցիչները պաշտոնապես դիմել են Նոբելյան կոմիտե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր («Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից) Կարո Փայլանին, մարդու՝ ով ողջ կյանքը նվիրել է հայ եւ մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին՝ տարածաշրջանում: Ներկայումս կարեւոր խնդիր ունենք մեր ձայնը բարձրացնելու պաշտպանելու Կարո Փայլանին թուրքական իշխանությունների կազմակերպած դատական հետապնդումներից:

Այս հարցում, եւ մեր նոր աշխատանքներում, ինչպես նաեւ նորացող Սփյուռքի նախարարությանը մաղթում ենք համահայկական ընդգրկման բազմաթիվ հաջողություններ:

Տեղեկացնենք նաեւ, որ երեկ՝ մայիսի 29-ին, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 7-րդ նստաշրջանում պաշտոնական որոշում է ընդունվել հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ԱՄՆ 28–րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճռի իրականացման վերաբերյալ հայցով դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին:

Մենք վստահ ենք, որ հեռու չէ այն օրը երբ բռնազավթումից կազատագրվեն Հայոց Հայրենիքի անբաժանելի մասերը՝ Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկիան: Եւ իհարկե իմ հարազատ Համշեն աշխարհը:

Շնորհակալություն եւ ամենայն բարիք բոլորիդ

Սաիդա Օհանյան`
«Արմինֆոկենտրոն» Լրատվական գործակալության ներկայացուցիչ,
«Համշենուհի», համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար,
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր

30.05.2018

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)