«Մենք չունենք քիմիական զենքի պաշարներ 2013 թվականից ի վեր, դա ֆարս է, պարզունակ խաղ»․ Ասադ

«Մենք չունենք քիմիական զենքի պաշարներ 2013 թվականից ի վեր, դա ֆարս է, պարզունակ խաղ»․ Ասադ
15:07 • 10.05.18

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ իր երկիրը բացարձակապես չունի քիմիական զենքի պաշարներ, և հերքել է դրա կիրառման հետ կապված Արևմուտքի մեղադրանքները։ Այդ մասին Ասադն ասել է հունաստանյան Kathimerini պարբերականին տված հարցազրույցում։

«Նախևառաջ՝ մենք չունենք քիմիական զենքի պաշարներ 2013 թվականից ի վեր, երբ հանձնեցինք այն։ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել, ինչից պարզ դարձավ, որ մենք քիմիական զենք չունենք, դա պաշտոնապես հաստատված է»,- ասել է Ասադը, որն առաջին անգամ է հարցազրույց տալիս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայում ենթադրյալ քիմիական զենքի պահեստներին հասցված հրթիռային հարվածներից հետո։

Սիրիայի առաջնորդի խոսքով՝ քիմիական զենքի կիրառման մասին մեղադրանքները սկսվեցին այն բանից հետո, երբ սիրիական բանակը սկսեց հաղթանակ տանել։

«Դա ֆարս է, պարզունակ խաղ, պարզապես սիրիական բանակի վրա հարձակվելու համար։ Ահաբեկիչների պարտությունից հետո ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև նրանց դաշնակիցները, որոնք ցանկանում են ապակայունացնել Սիրիան, տեսան, որ կորցրել են իրենց առանցքային խաղաքարտերը։ Ահա թե ինչու են նրանք հարձակվում սիրիական բանակի վրա․ որպեսզի բարձրացնեն ահաբեկիչների ոգին ու կանխեն մյուս շրջանների ազատագրումը սիրիական բանակի կողմից»,- նշել է Բաշար ալ Ասադը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ապրիլի 14-ին հրթիռային հարվածներ էին հասցրել Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ պահեստներին:

http://www.tert.am/am/news/2018/05/10/assad/2682037

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)