Մոսկվան ուժեղացնում է հայկական շարժումը. Պուտինի անսպասելի քայլը

Մոսկվան ուժեղացնում է հայկական շարժումը. Պուտինի անսպասելի քայլը

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
Մեկնաբանություն – 08 Մայիսի 2018, 10:04

Հայաստանում մեծ աղմուկ են բարձրացրել Կոմսոմոլսկայա պրավդա թերթի ռադիոյով Ռոսնեֆտի փոխնախագահ ու խոսնակ Լեոնտեւի հայհոյախառն արտահայտությունները Հայաստանի մասին: Նա ասել է, որ հայերն իրենց գոյությամբ պարտական են ռուսներին, Հայաստանը ծանր բեռ է Ռուսաստանի համար, հայերի պատճառով Ռուսաստանը չի կարողանում լիարժեք հարաբերություն ստեղծել եղբայրական ադրբեջանական ժողովրդի հետ, եւ ընդհանրապես թող Հայաստանը «ռադ լինի» (այստեղ նա օգտագործել է ռուսական հայտնի հայհոյանքը):
Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն՝ պատասխանատվության ենթարկելու Լեոնտեւին, Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել որում սա համարել է հայերի հանդեպ թշնամանք սերմանելու փորձ:
Իսկ Երեւանում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ դա մասնավոր կարծիք է եւ չի արտահայտում ՌԴ պաշտոնական դիրքորոշումը, որը ձեւակերպված է Պեսկովի ու Զախարովայի՝ Ռուսաստանի չմիջամտելու եւ ճգնաժամը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելու վերաբերյալ հայտարարություններում: Ի դեպ, Զախարովան երկու անգամ հիացական հայտարարություններ է արել հայերի հասցեին:
Հայաստանում մեկնաբանները նշում են, որ Լեոնտեւը պատահական մարդ չէ ՌԴ իշխանության մեջ, հետեւաբար սա այնքան էլ մասնավոր կարծիք չէ, եւ որ այն արտահայտում է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ժողովրդական հեղափոխության հանդեպ:
Հայկական շարժման հանդեպ վերաբերմունքը ռուսական քաղաքական-վերլուծական միջավայրում բավական հետաքրքիր ու բեւեռացված էր՝ կոշտ գնահատականներից մինչեւ դրա քաղաքակրթական հենքի վերաբերյալ արձանագրումները: Մի բան ակնհայտ է, որ հայկական շարժման ազդեցությունը չի պարփակվում ներհայկական միջավայրում եւ լայն արձագանք ու ազդեցություն է ունեցել ողջ աշխարհում: Սա դեռ հետո է երեւալու, բայց այս մասին արդեն լուրջ քննարկումներ ու հրապարակումներ են լինում համաշխարհային մամուլում:
Առավել հետաքրքրություն են ներկայացնում ռուսական լուրջ շրջանակներում սկսված այն քննարկումները, որոնք հայկական շարժումը դիտարկում են որպես եվրասիական տարածքում կիրառելի ունիվերսալ մոդել՝ վերափոխումներ կատարելու համար:
Ռուսական արձագանքները հասկանալի են, քանի որ այստեղ ազդեցությունն անմիջական է եւ խորը: Խնդիրը միայն այն չէ, որ ռուս բողոքավորները հայկական շարժումը դարձրել էին իրենց «դրոշը» մայիսի 5-ի ակցիաների ժամանակ: Խնդիրն առավել խորքային է եւ կարող է վերաբերվել Ռուսաստանում արմատական փոփոխություններին:
Այս ֆոնին, երեկ իր երդմնակալության արարողության ժամանակ Պուտինն անսպասելի հայտարարություն է արել. «Մեզ ճեղքումներ են պետք կյանքի բոլոր ոլորտներում: Խորապես համոզված եմ, որ միայն ազատ հանրությունը կարող է այդպիսի թռիչք ապահովել, որն ընկալում է ամեն նորը եւ առաջավորը եւ մերժում է անարդարությունը, քարացածությունը, հետադիմությունը եւ բյուրոկրատական մեռյալությունը՝ այն ամենը, ինչ շղթայում է մարդկանց, խանգարում լիարժեք բացվելուն, ինքն իրեն, իր տաղանդները բացահայտելուն եւ սահմանափակում է մեր երկրի ապագա նպատակադրվածությունը», ասել է նա:
Համահո՞ւնչ է հայկական շարժման հռչակած նպատակներին: Հրահրելով հետադիմական շրջանակների կոշտ գնահատականները եւ պաշտոնապես մերժելով դրանք, Մոսկվան փաստացի ուժեղացնում է հայկական շարժումը՝ համակրանք ձեւավորելով ռուսական հանրության շրջանում, միաժամանակ ընդունելով հայկական մոդելը՝ նոր սերնդի ճեղքումը մեռյալ համակարգում: Դա Ռուսաստանի փրկությունն է: Անկե՞ղծ էր Պուտինը, թե ոչ, դա չի փոխում իրավիճակը:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/175870

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)