2018-ի շարժման մասին (հայության հանդուրժողականությունը պետք չէ շփոթել հնազանդության հետ)

2018-ի շարժման մասին
(հայության հանդուրժողականությունը պետք չէ շփոթել հնազանդության հետ)

Հայությունը ավելի քան հիսուն տարի հանդուրժեց իր իրավունքների անտեսումը, կեղծիքն ու սուտը, համամարդկային խղճի ու բարոյականության տասնամյակների բռնաբարումն ու լլկումը, մինչեւ որ վերջապես Գուրգեն Յանիկյանն ու նրան շարունակած Զինյալ-ազատագրական պայքարը (1973 թ., 1975-1985 թթ.) քանդեցին ստի, կեղծիքի ու անբարոյականության բոլոր տեսակի պատնեշները:

Արցախահայությունը ավելի քան 70 տարի ապրեց ադրբեջանական իշխանությունների օկուպացիայի, հալածանքների, ճնշման ու բռնակալության, այլատյացության պայմաններում, մինչեւ որ վերջապես Արցախյան ազատագրական պայքարը կտրեց մեկ հարյուրամյակից ավելի երկարող Հայերի ցեղասպանություն իրականացնելու ծրագրի շղթան ու ազատություն պարգեւեց Արցախին (1988-1994 թթ.):

Հայաստանի Հանրապետության հայությունը ավելի քան երեսուն տարի բազում զրկանքների տոկաց, բազմաթիվ օրինախախտումներ ու վիրավորանքներ հանդուրժեց` ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի երազով, մինչեւ որ նոր սերունդը, նախ եւ առաջ, ամուր կանգնեց Արցախի ու ՀՀ-ի սահմանների ու հայրենի ժողովրդի պաշտպանության դիրքերում (2016 թ. ապրիլ) եւ ապա` ազատ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու քաղաքակրթական հայտ ներկայացրեց (2018 թ. ապրիլ):

Այլեւս անհերքելի փաստ է, որ հայության հանդուրժողականությունը պետք չէր շփոթել հնազանդության հետ:

Հայության եւ Հայաստանի քաղաքակրթական հայտը ներկայացված է. Հայաստանի Հանրապետությունում, տարածաշրջանում եւ այլուր համամարդկային արժեքների վրա հիմնված որակապես նոր երկխոսություն ու համագործակցություն հաստատելու հրավերն է բարձրաձայնված, ինչը ենթադրում է իրավունքի եւ օրինականության հիմքերով նոր միջազգային համակեցության իրականացում, այդ թվում` հայության բոլոր արդար իրավունքները կյանքի կոչելու միջոցով:

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

30-ը ապրիլի 2018 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)