«

»

Ապր 29

2016 թ. ապրիլի եւ 2018 թ. ապրիլի մասին (հայության համաշխարհային համախմբման նոր ճանապարհի մասին)

2016 թ. ապրիլի եւ 2018 թ. ապրիլի մասին

(հայության համաշխարհային համախմբման նոր ճանապարհի մասին)

Հայությունը կրկին համաշխարհային համախմբան հայտ է ներկայացրել: Խոսքն այստեղ, առաջին հերթին, քաղաքակրթական համախմբան մասին է: Խոսքն այստեղ ազգի ազատ գոյության, ապրելու, ապագա ունենալու կամքի ու իրավունքի մասին է:

Հայտ է ներկայացրել այն պահից, երբ հակառակ տասնամյակներ ձգվող միջազգային հիմնական դերակատարների չքմեղանքին, թե իբր տարբեր պատճառներով հնարավոր չի եղել կյանքի կոչել ու իրականացնել Ռուսաստանի Կառավարության ընդունած «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին») Դեկրետի, Կիլիկիայի հայերի անկախության, Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածների, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի հոդվածները, պահանջներն ու խոստումները… Հակառակ այդ ամենին, հեռավոր 1973 թվականին Գուրգեն Յանիկյանը ազդարարեց հայության գոյություն ունենալու կամքի ու իրավունքի մասին:

Հայտ է ներկայացրել այն պահից, երբ 1988 թվականի փետրվարին եւ դրանից հետո տեղի ունեցած հայերի նոր ցեղասպանության ու բռնագաղթ կազմակերպելու ու իրականացնելու, շրջափակման, ագրեսիայի ու այլատյացության իրողություններին ու փորձերին հակադրեց Արցախյան հաղթական ազատամարտն ու այդպիսով ազդարարեց հայության զարգանալու, միասնաբար ապրելու կամքի ու իրավունքի մասին:

Հայտ է ներկայացրել այն պահից, երբ հակառակ 2016 թվականի ապրիլին Արցախի Հանրապետության սահմանների վրա մանրակրկիտ նախապատրաստված ու ծրագրված ագրեսիայի ու պատերազմի սանձազերծման, դրա ընթացքում իրականացված սահմռկեցուցիչ հանցագործությունների` իր երիտասարդների կյանքի գնով պաշտպանել է Հայրենիքի սահմաններն ու հայրենի ժողովրդին:

Հայտ է ներկայացրել այն պահից, երբ 2018 թվականի ապրիլին հայության նոր սերունդը ազդարարել է սերիալների ժամանակաշջանի ավարտի մասին, դրա ավարտի` ազգային, հոգեւոր, մշակութային կյանքում ու կենսագործունեության մեջ, դրա ավարտի մասին հասարակական, քաղաքական կյանքում եւ ազդարարել է ապագա ունենալու կամքի ու իրավունքի մասին:

Բոլորովին պատահական չէ, որ այդ մասին ազդարարում է նոր սերունդը: Եւ այս իրողությունը արժե որ նկատեն եւ բարեկամները, եւ հակառակորդները եւ նրանցից յուրաքանչյուրը դրանից բխող համարժեք եզրահանգումներ անի:

Սերիալների ժամանակաշրջանը ավարտվում է, այդ թվում` հասարակական, քաղաքական, հոգեւոր, մշակութային կյանքում ու կենսագործունեության մեջ… Դա քաղաքակրթական անցում է` իր տարողությամբ ու ընդգրկումով, բովանդակությամբ ու խորությամբ: Ովքեր չեն հասկանում դրա իմաստը, կհայտնվեն լուսանցքում:

Այդ մասին է ազդարարում նոր սերունդը 2016 թ. ապրիլին եւ 2018 թ. ապրիլին: Ինչն էլ վկան է հայության համաշխարհային համախմբան` ազատ գոյության, զարգանալու ու ապագայի նպատակադրումների իրականացման կամքի ու իրավունքի:

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

23-ը ապրիլի 2018 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)