Կտրուկ շրջադարձ. Հայաստանը պոկվում է

Կտրուկ շրջադարձ. Հայաստանը պոկվում է

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն – 23 Ապրիլի 2018, 17:10

Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Սարգսյանը հայտարարեց, որ կատարում է փողոցի պահանջը, որն իր հրաժարականն էր: Մոտ տասը օր շարունակ Հայաստանը քայլում էր Նիկոլի հետ, մինչեւ Սերժ Սարգսյան էլ կատարեց իր քայլը, պատմական քայլը թերեւս առանց չափազանցության:
Ինչպես էլ գնահատվի նրա նախագահության տասնամյակը՝ իսկ գնահատականներ, քննարկումներ, բանավեճեր եղել են ու դեռ կլինեն անկասկած, անհրաժեշտաբար, անկախ ամեն ինչից, վերջին տասը օրը լիովին կտրված է ամեն ինչից եւ տեղավորվում է առանձնահատուկ շրջանակի մեջ, որում խտացված էր թերեւս արդեն Հայաստանի անկախության ամբողջ ընթացքը իր «երեք նախագահներով» հանդերձ: Սերժ Սարգսյանը գործնականում կայացրել է որոշում «երեք նախագահների» անունից՝ Հայաստանում, անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի քաղաքացին հասնում է հաջողության, եւ առաջին անգամ իշխանության Առաջին դեմքը թողնում է պաշտոնը առանց ներիշխանական թավշյա հեղաշրջման, առանց արյան, թողնում է պաշտոնը Հայաստանի հանրապետության քաղաքացու պահանջով:
Ինչն է հասցրել այդ իրավիճակին, ինչպիսին է դրա համար Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական պատասխանատվությունը, դա արդեն քաղաքագիտական, փորձագիտական վերլուծության եւ բանաեճերի նյութ է, բայց նաեւ անցյալ, մի դարաշրջան՝ իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ գործոններով եւ հանգամանքներով, որ փակվում է Սերժ Սարգսյանի հրաժարականով:
Հանրությունը Սերժ Սարգսյանին պարզապես չթողեց այլընտրանք, քան աննախադեպ ու պատմական քայլ կատարելը: Միեւնույն ժամանակ, ի վերջո բավական համարժեք գործեց նաեւ իշխանությունը, վերջնարդյունքում օգնելով ընդհուպ մարդկայնորեն բարդ եւ չափազանց ծանր հոգեբանական վիճակում հայտնված Սարգսյանին կայացնել որոշումը եւ հեռանալ, իր հետ փակելով «երեք նախագահների» դարաշարջանը, որն իր ամբողջ թերություններով, հիասթափություններով, ձեռքբերումներով եւ վերելքներով հանդերձ հայկական անկախ պետականության կայացման դարաշրջանն էր՝ հարյուրամյակներ անց ռազմական հաղթանակի ուղեկցությամբ:
Պարզապես Հայաստանին անհրաժեշտ էր բեկում, հրում, պոկում բոլոր, թե ներքին, թե արտաքին իմաստներով: Հայաստանին պետք էր երկրորդ շնչառություն, քանի որ ընթացքի համար տարածությունն իսկապես բարդ ու երկար էր նոր ձեւավորված պետության համար, անհրաժեշտ էր «երկրորդ շնչառություն»:
Եվ դա տեղի ունեցավ: Հայաստանը մտավ նոր դարաշրջան Հայաստանն ի վերջո պետություն է, եւ պետությունը հաղթեց, առանց չափազանցության:
Նիկոլ Փաշինյանը տասը օր շարունակ քայլելով եւ քայլեցնելով Հայաստանի հանրությանը՝ թերեւս խորհրդանշականորեն կատարում էր Մովսեսի դերը Հայաստանի հասարակական եւ քաղաքացիական մտքի ու գիտակցության համար, մաքրում էր այն անցնող դարաշրջանից, շատերի համար անսպասելի, շատերի համար անակնկալ, բայց հիանալի, ոգեւորիչ:
Ինչպիսին է լինելու շարունակությունը, ինչպես եւ ուր է քայլելու Հայաստանն արդեն նոր դարաշրջանում: Դրանք հարցեր են, որ գալու են, անպայման, պարտադիր, եւ որոնց պետք է ստանալ պատասխան: Դրանք անխուսափելի են, առանց այդ ամենի առաջ գնալն է անխուսափելի: Ոչ բոլոր պատասխանները կլինեն գոհացնող, ոչ բոլոր գործընթացները կլինեն ոգեւորիչ, բայց դա հասարակությունների եւ պետությունների ճանապարհն է, որից պետք չէ վախենալ, դրան պետք է լինել պատրաստ: Իսկ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց, որ արդեն պատրաստ է:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/174886

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)