Անկարայում ոստիկանությունը գրոհել է Աֆրինի գործողությանը դեմ արտահայտվող լրագրողների և քաղաքական գործիչների տները

16:46 • 23.01.18

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունը գրոհներ է կազմակերպել բազմաթիվ քաղաքացիների բնակարանների վրա, որոնք դեմ էին արտահայտվել թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում ռազմական գործողությանը, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:

Աղբյուրը նշում է, որ ձերբակալվածների թվում են մի շարք քաղաքական գործիչներ, լրագրողներ և մտավորականներ: Ձերբակալվածների թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում իշխանություններն արգելել են Աֆրինի գործողության դեմ կազմակերպվող բողոքի ցույցերի անցկացումը, նախօրեին Անկարայում և Ստամբուլում փողոց դուրս եկած ակտիվիստները բախումներ են ունեցել ոստիկանության հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

http://www.tert.am/am/news/2018/01/23/afrin/2595247

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)