Ռադիկ Խամոյեան. «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) անկախութեան «դէ ֆակտոյ» ճանաչման 98-րդ տարեդարձի եւ Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանական ուժերի ձեւաւորման կապակցութեամբ»

Յարգելի ընկերներ, այսօր համախմբուել ենք նշելու

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) անկախութեան դէ ֆակտոյ ճանաչման 98-րդ (19.01.1920 թ.), Սարդարապատի հերոսամարտի, Հայաստանի Հանրապետութէան հռչակման 100-րդ տարեդարձները եւ մեծարելու հայ ազատարար զինուորին:

Հայկական պահանջների ու իրաւունքների խնդիրները ներկայացուել, քննարկուել եւ դրանց վերաբերեալ որոշումներ ընդունուել են Փարիզի Խաղաղութեան վեհաժողովում, այդ թւում` Հայաստան պետութեան «դէ ֆակտոյ» եւ «դէ իւրէ» ճանաչումների վերաբերեալ: Այս տարի նշում ենք այդ որոշումների ընդունման, ինչպէս նաեւ Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման 98-ամեակը: Այդ որոշումները տեղ են գտել նաեւ Սեւրի Խաղաղութեան պայմանագրում եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռում:

Առաջին համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ պատերազմում յաղթած պետութիւնները` պարտուած պետութիւնների հետ խաղաղութեան պայմանագիր մշակելու եւ կնքելու նպատակով հրաւիրեցին Փարիզի Խաղաղութեան վեհաժողովը, որն ընդհատումներով տեղի ունեցաւ 1919 թ. յունուարի 18-ից մինչեւ 1920 թ. յունուարի 21-ը: Վեհաժողովին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Յունաստանի, Սերբերի, հորուաթների եւ սլովենների թագաւորութեան, Ռումինիայի, Հեջազի եւ միւս դաշնակից պետութիւնների ներկայացուցիչներ: Խաղաղութեան հիմնական պայմանները ձեւակերպում Էին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը եւ ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնը:

1919 թուականի փետրուարին Փարիզում գտնուող հայկական երկու պատուիրակութիւնները` Արեւմտեան Հայաստանի հայերի կողմից Հայկական Ազգային պատուիրակութիւնը Պողոս Նուբարի գլխաւորութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը Աւետիս Ահարոնեանի, ներկայացան դաշնակիցներին` խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ս․ Պիշոնը հայ պատուիրակներին առաջարկեց յուշագիր պատրաստել: 1919 թուականի փետրուարի 12-ին ներկայացուեց «Հայկական պահանջների յուշագիր» հետեւեալ բովանդակութեամբ: Հայկական անկախ պետութեան ճանաչում` Արեւմտեան Հայաստանի 7 նահանգների, Կիլիկիայի եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքներով:

1920 թուականի յունուարի 19-ին վեհաժողով հրաւիրուեցին հայկական երկու պատուիրակութիւնների ղեկավարները` Պողոս Նուբարը եւ Աւետիս Ահարոնեանը, որտեղ նրանց տեղեկացրին, որ Փարիզի Խաղաղութեան վեհաժողովը «դէ ֆակտոյ» ճանաչում է հայկական պետութեան անկախութիւնը: Անկախութեան ճանաչումը ձեւակերպուած էր այսպէս.
1/ Դաշնակիցների Գերագոյն Խորհուրդը յայտարարութեամբ տեղեկացնում է, որ ճանաչում է Հայկական պետութեան կառավարութիւնը, որպէս փաստացի կառավարութիւն,
2/ որոշուած է, որ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետութեան սահմանների հարցը:

Հայկական պահանջների եւ իրաւունքների մասով 1920 թ. ընթացքում` Փարիզի Խաղաղութեան վեհաժողովում եւ Սան Ռեմոյի Կոնֆերանսում (Յաղթող տէրութիւնների Գերագոյն խորհրդի նիստը 1920 թ. ապրիլի 19-26-ը) ընդունուեցին որոշումներ, որոնք յետագայում տեղ գտան ինչպէս Սեւրի Խաղաղութեան պայմանագրում, այնպէս էլ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռում եւ այլ որոշումներում, որպէս Հայաստան պետութեան վերաբերեալ կայացուած որոշումներ, այդ թւում` Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից Հայաստան պետութեան «դէ իւրէ» ճանաչումը 1920 թ. մայիս 11-ին:

Իսկ արդէն մեր ժամանակներում, ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» Հռչակագրի սկզբունքների եւ նորմերի համաձայն, ընդունուած 13.09.2007 թ., ձեւաւորուել է Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնութեան ու քաղաքացիութեան համակարգը:

Յետագայ աշխատանքների եւ ընդունուած իրաւական քաղաքական որոշումների ու հռչակագրերի հիման վրայ ձեւաւորուել են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պետականութեան հիմքերը.
2011 թ. փետրուարի 4-ին սկսուել է Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան ձեւաւորման գործընթացը:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցի օրէնսդրական փաթեթի` հռչակագրերի, օրէնքների, որոշումների ու հրամանագրերի ընդունման գործընթացի տրամաբանական շարունակութիւնը «Արեւմտէան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» հռչակագրի ընդունումն է (24.05.2013):
2013 թուականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը` ամբողջ աշխարհում բնակուող Արեւմտեան Հայաստանի քաղաքացիները, առաջին անգամ, իրականացրել են Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների ընտրութիւններ, մասնակցեցին 17.834 ընտրող, որոնք ընտրեցին Խորհրդարանի 64 պատգամաւոր:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պատգամաւորների մանդատների հաստատումը, խորհրդարանի 1-ին գումարման 1-ին նստաշրջանի անցկացումը եւ խորհրդարանի ձեւաւորումը տեղի է ունեցել 2014 թ. յունուարի 18-20-ը:
2014 թ. յունուարի 20-ին խորհրդարանը ընտրել է նախագահ, նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել վարչապետի թեկնածութիւնը, վարչապետը ձեռնարկել է կառավարութեան ձեւաւորումը:
Այսպէս ամբողջացել է Արեւմտէան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի ձեւաւորումը, որը 2014 թ. օգոստոսի 10-ից կոչւում է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստան):

Այսօր իրաւաչափ եւ օրինական է այն կառավարութիւնը եւ այն պետական համակարգը, որի պատասխանատուներն են` նախագահ Ռադիկ Խամոյեանը, վարչապետ Տիգրան Փաշաբեզեանը, խորհրդարանի նախագահ Արմէն Տէր-սարգսեանը:

Կարեւորում ենք նաեւ այն որոշումները, որոնք վերաբերում են Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանական ուժերին: Դրանք հիմնուած են`
ՄԱԿ-ի Կանոնադրութեան 51-րդ յօդուածի` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքի» մասին, ընդունուած 26 յունիսի 1945 թ.,
Արեւմտեան Հայաստանի հայերի Մշտական, զինեալ, դրական չէզոքութեան մասին որոշման վրայ, ընդունուած 03.2011 թ.,
Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնապաշտպանութեան ուժերի ստեղծման մասին հրամանագրի վրայ, ընդունուած 12.2012 թ.,
ՄԱԿ–ի Անվտանգութեան Խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետութիւններին, Սեւրի Խաղաղութեան դաշնագիրը ստորագրած պետութիւններին ուղղուած դիմումի, «Մերձաւոր Արեւելքի հայութեան ինքնապաշտպանութեան ուժեր կազմաւորելու մասին» որոշման վրայ, ընդունուած 04.2014 թ.,
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան Խորհրդի «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժերը կազմաւորելու վերաբերեալ» որոշման վրայ, ընդունուած 08.01.2018 թ.`

Որպէս ամփոփում մնում է աւելացնել, որ Մերձաւոր Արեւելքում կայուն խաղաղութիւն հաստատելու պայմաններից են, ինչպէս Սեւրի Խաղաղութեան պայմանագրի եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար վճռի պահանջների իրագործումը, այնպէս էլ Հայաստան պետութեան վերաբերեալ կայացուած բոլոր այլ որոշումների իրականացումը կեանքում:

Ռադիկ Խամոյեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ

19.01.2018 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)