Մեծ համաձայնություն Հայաստանի հարցում. Անտարբեր չէ նույնիսկ Անկարան

  • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան 
  • Մեկնաբանություն – 02 Դեկտեմբերի 2017, 13:3
Նոյեմբերի 30-ին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր չինական խոշորագույն China Construction First Group կորպորացիայի պատվիրակությանը եւ քննարկել «ճանապարհաշինության և ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ներդրումային ծրագրերում չինական կորպորացիայի ներգրավման հնարավորությունները», ինչպես հայտնում էր կառավարության հաղորդագրությունը:Վարչապետի ու չինական խոշորագույն ընկերության ներկայացուցիչների հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը չափազանց համեստ էր: Արդյոք խոսելու բան չի եղել, թե՞ ինչ որ խոսել են, հրապարակելը գոնե առայժմ այդքան էլ նպատակահարմար չէ ժամանակից շուտ խոչընդոտներ չհարուցելու, կամ պարզապես կոնկրետություն չպարունակելու պատճառով:Բայց համեստ հաղորդագրության մեջ մատնանշվող արեալը՝ ճանապարհաշինություն եւ ենթակառուցվածքային այլ իրականացվող ու ծրագրվող ներդրումային նախագծեր, ենթադրում է բավական կարեւոր հարցերի քննարկման հնարավորություն:Մասնավորապես, հաշվի առնելով նաեւ չինական ընկերության մասշտաբը, համադրելի է թվում երկու նախագիծ՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին ճանապարհաշինության մասով, եւ թերեւս առավել ուշագրավը՝ Հայաստան-Իրան երկաթուղին, «ենթակառուցվածքների բարելավման ոլորտների» շարքից:Ի դեպ, այդ համատեքստում ուշագրավ է այն, որ չինական խոշորագույն ընկերության պատվիրակությանը Հայաստանը հյուրընկալում է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջաֆար Զարիֆին հյուրընկալելուց երկու օր անց: Նոյեմբերի 27-ին Զարիֆը այցելել էր Հայաստան, 28-ին նա հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի հետ: Իրանի նախարարի հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները ավանդականի նման չունեն կոնկրետություն, ավելի շատ պարունակում են հայ-իրանական բարեկամության մասին փոխադարձ հավաստիացումներ: Բայց հատկանշական է, որ Զարիֆը Երեւանում հայտարարել է երկկողմ քաղաքական հարաբերության մակարդակի համեմատ տնտեսական հարաբերության ցածր լինելու մասին: Միաժամանակ, իրանցի նախարարը հայտարարել էր, որ Թեհրանին հատկապես հետաքրքրում է Հայաստանի հետ հարաբերության էներգետիկ եւ տրանսպորտային հեռանկարը:Իրանը բարձրաձայնել է Հայաստանը Պարսից ծոցի եւ Սեւ ծովի կապող օղակ դիտարկելու մասին: Սերժ Սարգսյանն էլ կրկնել է այդ գաղափարը, փաստացի ընդունելով այն: Բայց ի՞նչ է կատարվում դա իրագործելու համար: Եվ այստեղ հիմնական ուղղությունն անկասկած երեքն է՝ էներգետիկ մասով հայ-իրանական նոր, տարանցիկ հնարավորությամբ գազամուղի կառուցում, եւ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների կայուն, հուսալի, արդիական ենթակառուցվածքի ապահովում՝ ճանապարհ ու երկաթուղի:Գազամուղի մասով Սերժ Սարգսյանը օգոստոսին Իրան մեկնելուց առաջ հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է այդ հեռանկարը, եթե հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը կարծես թե ակնարկում է, որ Հայաստանը պատրաստ է, եթե Թեհրանը կարողանա պայմանավորվել Ռուսաստանի ու Եվրամիության հետ: Իսկ քանի դեռ չկա այդ խոշոր պայմանավորվածությունը, Հայաստանը չի ցանկանում ներգրավվել մի խոսակցության մեջ, որը կարող է վաղաժամ խնդիր առաջացնել Ռուսաստանի հետ:Այլ է իրավիճակը տրանսպորտային հարցում: Այստեղ Հայաստանը սկսել է քայլ՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարություն: Բայց այդ քայլը կատարվում է խիստ դանդաղ: Երկաթուղու մասով քայլ կատարված չէ ընդհանրապես: Թեեւ, բոլորովին վերջերս եղավ կապի ու տրանսպորտի նախարարության ուշագրավ հայտարարություն՝ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասով ՌԱՍԻԱ ՖԶԷ կազմակերպության հետ պայմանավորվածության չեղարկման մասին: Հինգ տարի առաջ Հայաստանը պայմանագիր կնքեց Դուբայում գրանցված անհայտ ծագման այդ ընկերության հետ, որով ընկերությունը պետք է գտներ երկաթուղու շինարարության ներդրող եւ կառուցեր այն:Հինգ տարի անց կապի ու տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ ՌԱՍՒԱ ՖԶԷ-ն գործնականում չի արել ոչինչ, եւ Հայաստանն այդ ընկերությունից անկախ է քայլեր կատարելու երկաթուղու շինարարության ուղղությամբ: Առայժմ այդքանը, եւ պարզ չէ նաեւ, թե արդյոք որեւէ մեկը պատասխան տալու է 5 տարի ժամանակի կորստի համար:Արդյոք China Construction First Group-ի հետ   վարչապետի հանդիպմանը շոշափվել է Հայաստան-Իրան երկաթուղու թեման, հատկապես Իրանի արտգործնախարարի այցից երկու օր անց:Իրանցի նախարարի, չինական պատվիրակության այցերն էլ ուշագրավ են Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից մի քանի օր անց: Բանն այն է, որ համաձայնագիրն իր բովանդակային մասից բացի, եւ դրանից թերեւս առաջ, գործնականում ունի քաղաքական առանցքային նշանակություն նոր իրավիճակի, նոր տրամաբանության ձեւավորման տեսանկյունից: Այն աշխարհքաղաքական կոնսենսուս է Արեւմուտքի եւ Կրեմլի միջեւ: Զարմանալի չէ, որ Թեհրանն ու Պեկինը ցանկանում են դառնալ այդ կոնսենսուսի բաժնետեր: Առավել եւս, որ այդպիսի ցանկություն նշմարվում է նույնիսկ Անկարայում, որտեղից ստացվեց տեղեկություն, թե թուրքական ազգային ավիափոխադրող, միջազգային խոշոր ավիաընկերություններից մեկը հանդիսացող Turkish Airlines-ի տնօրենը հայտնել է դեպի Երեւան չվերթեր իրականացնելու մտադրության մասին:
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/166012
Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)