Կեղծ տեղեկատվությունը բացահայտելու փորձ անելիս պետք չէ մի նոր կեղծիք դնել շրջանառության մեջ

(Բաց նամակ aadmag.am էլ. կայքի խմբագրությանը եւ հոդվածի հեղինակ Համո Մոսկոֆյանին 2015-ի դեկտեմբերի 21-ին այդ կայքում հրապարակված «Ո՞րն էր Արթուր Վարդանյանի՝ հանցավոր խումբ ստեղծելու իրական պատճառը. բացահայտումներ սփյուռքից» հոդվածում տեղ գտած նոր խեղաթյուրումների ու անընդունելի ձեւակերպումների կապակցությամբ)

Հայտնի խոսք է. «Նոր գինին, հին տիկերի մեջ չեն լցնում»:

Մեկ այլ հայտնի խոսք է. «Այս աշխարհում ոչինչ նոր չէ, ամեն ինչ կրկնությունն է եղածի»:

Եթե առաջին մտքի հետ խնդիր չունենք, ապա երկրորդը համարում ենք մասամբ ճիշտ, որովհետեւ նոր ժամանակը ենթադրում է նոր մոտեցում, ինչը կարող է եւ պարզապես հասկանալի չլինել շատերին եւ դրանից էլ կարող են բխել, ինչպես չհիմնավորված ձեւակերպումներ, այնպես էլ սխալ եզրակացություններ, ու ըստ էության, ավազի վրա կառուցված մտածողության մի ողջ համակարգ:

Մեր թեման կայքի եւ հոդվածագրի առաջադրած «Ո՞րն էր Արթուր Վարդանյանի՝ հանցավոր խումբ ստեղծելու իրական պատճառը. բացահայտումներ սփյուռքից» թեման չէ, այլ այն, որ այս թեմայի մեջ արհեստականորեն ներմուծվել է Արեւմտյան Հայաստանի թեման, որովհետեւ ըստ էության, Արեւմտյան Հայաստանի թեման հոդվածում առկա թեմայի եւ իրողությունների հետ որեւէ ուղիղ օրգանական կապ չունի… Եվ ահա թե ինչո՞ւ կապ չունի:

aadmag.am էլ կայքի խմբագրությունը գրում է.

«…որոշ խմբագրումներով եւ վերապահությամբ ներկայացնում ենք Սփյուռքի մեր հեղինակներից Համո Մոսկոֆյանի որոշ բացահայտումները Արթուր Վարդանյանի գործունեության եւ անձի վերաբերյալ»:

Մենք ստիպված ենք կրկնել. Հարգելի խմբարգրություն, դուք լավ չեք խմբագրել հոդվածը, որովհետեւ այնտեղ տեղ են գտել առաջադրված թեմայի հետ կապ չունեցող իրողություններ եւ անուններ, մասնավորապես Արեւմտյան Հայաստանի հետ կապված: Մենք հասկանում ենք, որ սփյուռքյան 100-ամյա թոհն ու բոհը այնքան է բոլորին հեռացրել Արեւմտյան Հայաստանից, որ այն չի ընկալվում, որպես Հայկական Հարցի լուծման առանցքային միավոր՝ բանալի, բայց նույնիսկ այդ հանգամանքը պատճառ չէ այդպիսի վրիպումներ թույլ տալու:

Համո Մոսկոֆյանը գրում է.

«Մինչ այդ Արեւմտյան Հայաստանի ինքնահռչակ նախագահ Արմենակ Աբրահամյանը ժամանեց Քեսաբ, ուղեւորվելով Ֆրանսիայից, իսկ իր հակառակորդըՙ Արեւմտյան Հայաստանի ինքնահռչակ վարչապետ Արամ Մկրտչյանը Գերմանիայից»:

Մենք կարծում ենք, որ Համո Մոսկոֆյանը գրագետ լրագրող է, ուստի նրան օգնելու եւ օժանդակելու նպատակով նշենք, որ՝

ա) Առաջին. Արմենակ Աբրահամյանը Արեւմտյան Հայաստանի ինքնահռչակ նախագահ չէ, այլ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ, ընտրված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից, 2014 թ. հունվարի 19-ին Փարիզում կայացած Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի առաջին նստաշրջանում:

բ) Երկրորդ. դա Արմենակ Աբրահամյանի առաջին այցը չէ Մերձավոր Արեւելք: Այցերը սկսվել էին 2012 թվականի հունվարին եւ դրանից էլ առաջ, նպատակ ունենալով տեղում ծանոթանալու առկա իրողություններին եւ դրանց համապատասխան ռազմավարություն եւ մարտավարություն մշակելու:

գ) Երրորդ. Արմենակ Աբրահամյանը 2012-ից եւ դրանից էլ առաջ, Մերձավոր Արեւելք կատարած այցերից հետո՝ ծրագրերի ու կապերի իմաստով այնքան էր առաջ անցել, որ կարիք չուներ նոր հանդիպումների եւ, իրականում, ինչպես հետագայում պարզվեց, դրանք օգտակար չեղան, բացի նրանց, որ ծառայեցին որպես կեղծարարությունների ու բանսարկությունների թեմա ու նյութ:

դ) Եվ վերջապես չորրորդ. Համո Մոսկոֆյանի կողմից եթե նշվում է. «Արեւմտյան Հայաստանի ինքնահռչակ վարչապետ Արամ Մկրտչյանը Գերմանիայից», ապա պետք է նշվի ճշգրիտ, այն է՝ «ինքնահռչակ վարչապետ Արամ Մկրտչյանը՝ «Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն, Մայնց Գերմանիա» ինքնահռչակ կառույցից, ինքնահռչակված՝ 20014-ի հուլիսի 21-ի ապօրինի նիստում:

Համո Մոսկոֆյանը գրում է.

«Դժբախտաբար սակայն պարզվեց, որ թափված արյունը վերածվել է բիզնեսի, Սփյուռքից թե Ռուսաստանից մեծահարուստ հայերից գումարներ շորթելու առիթի` նոր վտանգավոր, արկածախնդրական, կեղծ-հեղափոխական «շարժումներ»ի կողմից…»:

եւ ապա շարունակում.

«Երեւան են եկել նորաթուխ, համացանցային «ԱՍԱԼԱ»ներ, որոնց հեղինակները գաղափար անգամ չունեն, թէ 70-ական թթ.-ի հայ ազգային-ազատագրական պայքարի ետին էին կանգնած պաղեստինյան հեղափոխության եւ Լիբանանի հայրենասիրական ճակատի ղեկավարները եւ այդ զոհված հրաշալի ազատամարտիկների հիշատակը վերածվել էր անամոթ առեւտրի…»:

Այստեղ մենք, քանի որ չգիտենք՝ «կեղծ-հեղափոխական «շարժումներ» ասելով ի՞նչ եւ ո՞ւմ նկատի ունի հոդվածագիրը, քանի որ իրականում այդպիսիք չկան, եւ քանի որ չգիտենք, թե ո՞րն է թեմայի մեջ ԱՍԱԼԱ-ն հիշատակելու շարժառիթը, ապա դրանց չենք պատասխանում:

Համո Մոսկոֆյանը գրում է.

«Շահագործելով… «Արեւմտյան Հայաստանի կառավարության» ցնդաբանությունները, մինչեւ անձնագրեր վաճառելով ու հսկայական գումարներ շորթելով բռնագրավված հայրենիքում իբր ազատագրական պայքար ծավալելու (միայն համակարգիչներով…) եւ այլ խաբեբայական ծրագրերը»:

Մենք հասկանում ենք, որ անիմաստ է կաղից պահանջել, որ ուղիղ քայլի, բայց եւ հասկանում ենք, որ ընթերցողը, ով պարտադրված է այս եւ զանազան այլ նյութեր կարդալու, իրավունք ունի նաեւ ճշմարիտ տեղեկատվության, ուստի առաջարկում ենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ եւ իրավաչափ գործունեությանը ծանոթանալ «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության միասնական փաթեթ»ը ժողովածուի միջոցով, որն ուղարկում ենք այս հոդվածին կից:

Միաժամանակ առաջարկում ենք հիշել, որ Մերձավոր Արեւելքի հայության, Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինչպես նաեւ ներկայի մարտահրավերներն ու սպառնալիքները դիմակայելու ուղին, դա Հայկական Հարցի վերջնական կարգավորման ուղին է, որն անցնում է Արեւմտյան Հայաստանով:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Լրատվական Բաժին

22.12.2015 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)