Տիգրան Փաշաբեզյան. Սիրիայի հայության իրավունքների եւ ինքնապաշտպանության իրավունքի մասին

«Մենք ուրիշ ելք չունինք. չենք կրնար կողմ ըլլալ, չենք կրնար զինվիլ, ոչ ալ զենքով պաշտպանվիլ». «Առաջին լրատվական»-ի նկարահանող խմբին ասել է Բերիո թեմի Հայ Կոթողիկե եկեկեցու առաջնորդ Պետրոս արքեպիսկոպոս Մարիաթյանը (1in.am, 24.08.2012)։ Հավանաբար այսպես մտածել եւ ասել են, հավանաբար, այսպես խուճապ են առաջացրել նաեւ 1915-ի օրերին: Մինչդեռ ճիշտ էին նրանք, ովքեր ինքնապաշտպանության էին կոչում եւ փրկվեցին նրանք, ովքեր դիմեցին ինքնապաշտպանության:

Այսօր իրավիճակը տարբեր է, անշուշտ, սակայն խնդիրը նույնն է: Բարեբախտաբար կա սեփական իրավունքների գիտակցության եւ դրանք պաշտպանելու որոշակի ներուժ եւ վճռականություն: Վկա 1965-ից Խորհրդային Հայաստանում սկիզբ առած ազգային ազատագրական շարժումները, Գուրգեն Յանիկյանը, Նորագույն զինյալ ազատագրական պայքարը եւ Արցախյան հաղթական ազատամարտը: Դրանք բոլորը սեփական իրավունքները հստակ գիտակցելու եւ դրանք վճռականորեն պաշտպանելու օրինակներ են:

Նախ խոսենք իրավունքների մասին:

Սիրիայի հայությունը բազմաթիվ իրավունքներ ունի, որոնցից են՝

  1. որպես Սիրիայի պետության լիարժեք քաղաքացի կյանքի, ինչքի ապահովության եւ անվտանգության իրավունք,

  2. որպես տարածաշրջանի բնիկ՝ սեփական ինքնությունը եւ ինքնատիպ մշակույթը պահպանելու եւ պաշտպանելու իրավունք,

  3. որպես Արեւմտյան Հայաստանում (ներառյալ Կիլիկիայում) ցեղասպանության եւ բռնագաղթի ենթարկված Արեւմտյան Հայաստանի հայ՝ բնօրրան հայրենիք վերադառնալու իրավունք, դրա իրավական քաղաքական բոլոր հետեւանքներով,

  4. որպես Արեւմտյան Հայաստանի հայ՝ ապագա ունենալու ու զարգանալու իրավունք, դրա իրավական քաղաքական բոլոր հետեւանքներով:

Սա ասում ենք, որպեսզի, նախ եւ առաջ, հստակեցնենք Սիրիայի հայության (եւ, ի դեպ, հին, թե նոր՝ Միջին Արեւելքի, հայության, որ նույնն է, թե Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները), որպեսզի որեւէ մեկին չթվա, թե հայությունը մանկուրտ է, որբ է, եւ որ հնարավոր է անպատիժ նրան ենթարկել ամեն տեսակի փորձությունների ու հալածանքների: Որպեսզի մենք էլ գիտակցենք, թե ինչ իրավունքներ ունենք եւ ինչպես պետք է դրանք պաշտպանենք:

Սիրիայի հայությունը ինքնապաշտպանության իրավունք ունի.

Սիրիայի դեպքում նախ քննության առնենք հայությանը սպառնացող հիմնական մարտահրավերները: Դրանք երեքն են. առաջին, երբ Սիրիայում ներքին քաղաքական ճգնաժամ է, երկրորդ, երբ Սիրիան ենթարկվում է արտաքին ագրեսիայի եւ երրորդ, երբ Սիրիայի հայությունը, ինչպես երկրի այլ ժողովուրդներ եւս, ենթարկվում է սադրանքների ու հալածանքների:

Նշված բոլոր դեպքերի համար Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) կանխատեսել ու ամրագրել է սպառնալիքները հաղթահարելու իրավական – քաղաքական հստակ միջոցներ ու մեխանիզմներ: Դրանք ձեւարկերպված են 2011 թվականի Մարտի 29-ին ընդունած «Արեւեմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» հատուկ որոշման մեջ, համաձայն՝ «Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Կոնվենցիայի, ընդունված՝ Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ.:

Հաշվի առնելով տվյալ երկրի, այս դեպքում՝ Սիրիայի (Իրանի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության) ներքին քաղաքական հնարավոր ճգնաժամը, ըստ որոշման 3-րդ հոդվածի՝ առաջարկվել է հետեւյալ լուծումը.

  1. «Արեւմտեան Հայաստանի Հայերը, ներառեալ` Հայկական գաղթավայրերու բնակչութիւնը, ժամանակակից աշխարհի մէջ տեղի ունեցող նախայարձակ պատերազմներու, յեղաշրջումներու, ազգամիջեան եւ միջկրօնական ընդհարումներու, նաեւ այսպէս կոչուած քաղաքակրթութիւններու բախման, եւ անոնցմէ բխող բռնութիւններուն, կոտորածներուն եւ ցեղասպանութիւններուն, առաւել, հրահրուած կամ ուղղորդուած քաոսային վիճակներուն չմասնակցելու իրաւունք ունի, համաձայն` «Չեզոք պետություններու եւ անձանց իրավունքներու եւ պարտավորություններու մասին ցամաքային պատերազմի ժամանակ»` Հաակա, 18 հոկտեմբեր 1907 թ. Պայմանադրութեան (Convention V)»:

Հաշվի առնելով տվյալ երկրի, այս դեպքում՝ Սիրիայի (Իրանի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության) նկատմամբ հնարավոր ագրեսիան, ըստ 4-րդ հոդվածի՝ առաջարկվել է.

  1. «Արեւմտեան Հայաստանի Հայերը, ներառեալ` Հայկական գաղթավայրերու բնակչութիւնը, յաջորդական բռնութիւններէ, յարձակումներէ, բռնագաղթերէ ու կոտորածներէ պաշտպանուելու, ինչպէս նաեւ իր բնակութեան երկիրը արտաքին յարձակումներէ պաշտպանելու իրաւունք ունի, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդուածի, որ կը շեշտէ` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքը:

Հաշվի առնելով տվյալ երկրի, այս դեպքումէ Սիրիայի հայության (Իրանի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության մեջ ապրող հայության) կյանքի, ինչքի եւ անվտանգության իրավունքների նկատմամբ հնարավոր սադրանքներն ու ոտնձգությունները, ըստ 6-րդ հոդվածի՝ առաջարկվել է.

  1. «Արեւմտեան Հայաստանի Հայերը, բոլոր այն դէպքերուն, երբ հարկադրուած են պաշտպանելու իրենց Մշտական, Զինուած, Դրական Չէզոքութիւնը՝ կը կազմակերպեն հասարակական կարգի եւ համայնքի անվտանգութեան, պաշտպանութեան եւ տարածքային ապահովութեան զինուած ոյժեր, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդուածի, որ կը շեշտէ` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքը:

«Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Կոնվենցիայի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 2011 թվականի Մարտի 29-ին ընդունած «Արեւեմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշման հոդվածներից իրավունք ունի օգտվելու Սիրիայի հայությունը, իսկ դա նշանակում է, որ Սիրիայի հայությունը իրավունք ունի ինքնապաշտպանության, ապագա ունենալու եւ զարգանալու:

Այստեղ ազգային հիշողությունը թարմացնելու եւ ազգային պետական իրավունքներն ամրագրելու նպատակով հիշենենք նաեւ, որ Հայությունը այլեւս այլ տեղ չունի նահանջելու, բացի իր բնօրրան հայրենիքից՝ Արեւմտյան Հայաստանից (ներառյալ Կիլիկիան):

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

25.08.2012 թ.

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)