Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը ինչպես մտավ 1990-ի Անկախության հռչակագիր. aniarc.am 

21-08-2017 17:51:16   | Հայաստան  |  Հոդվածներ

 

Ապրիլ 24-ը Խորհրդային Հայաստանում ոգեկոչվում էր 1965 թվականից: Լրատվամիջոցները այդ իրադարձությանը, ի տարբերություն Սփյուռքի, լայն տեղ չէին տալիս: Այսպես, 1988թ. ապրիլի 24-ի համարում պաշտոնական «Սովետական Հայաստան» թերթում Եղեռնի մասին մեկ տող անգամ չկա: Թերթի ապրիլի 26-ի համարում` առաջին էջում, առանց նկարի,  կարճ լուր է դրված` «Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր», որում ասվում է, որ «ապրիլի 24-ին հազարավոր երեւանցիներ, մերձակա գյուղերի բնակիչներ, մայրաքաղաքի հյուրեր այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին 1915թ. զոհերի հիշատակին»: Այցելողների մեջ էին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը, Հայկ. ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Հայաստանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Յուրի Կոչետկովը: «Նրանք ծաղիկներ դրեցին հուշարձանին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության նահատակների հիշատակը»:

 

Մեկ տարի անց` 1989թ., Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, հետեւաբար նաեւ մամուլը, ավելի մեծ տեղ տվեցին Ապրիլ 24-ին: Պատճառներից մեկն էլ այն էր, որ 1988թ. նոյեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության դատապարտման օրենք էր ընդունվել Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը:  «Խորհրդային Հայաստան» թերթը ապրիլ 24-ի համարում, առաջին էջում, գրել է. «74 տարի մենք այդ գիտեինք, 24 տարի է` բարձրաձայն պատմում ենք մեզ ու աշխարհին: Առաջին տարին է, որ պետականորեն դատապարտում ենք մարդկության նկատմամբ իրականացված այդ ոճիրը»:

 

Հայաստանի կոմունիստական ղեկավարությունից բացի` կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյան, Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյան, Նախարարների խորհրդի նախագահ Վլադիմիր Մարգարյանց, Ծիծեռնակաբերդ բարձրացողների մեջ էին նաեւ Ամենայն Հայոց Վազգեն Ա եւ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսները, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Իվան Սիլաեւը: «Խորհրդային Հայաստանը» ապրիլ 25-ի համարում հիշեցրեց նաեւ. «Գերագույն խորհուրդը ընդունել է Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության, դատապարտման մասին Հայկ. ԽՍՀ օրենքը, որով ապրիլի 24-ը հայտարարվում է հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր: [Սա] 1915-ի ցեղասպանությունը միջազգային մակարդակով ճանաչելու եւ պաշտոնապես դատապարտելու օրենսդրական ակտ է»:

 

Հայաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոն 1990թ. հունվարի 8-ին քննության առավ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 75-ամյակի նախապատրաստության եւ անցկացման միջոցառումների հարցը: Բյուրոն նշում էր, որ «ողջ հայ ժողովուրդը, աշխարհի շատ երկրների առաջադեմ հասարակությունը պահանջում են, որ համաշխարհային հանրությունը ճանաչի հայերի ցեղասպանությունը, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը»: «Հայերի ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանը լրիվ զրկվեց իր տեղացի բնակչությունից, արեւմտահայ ողջ մնացած մասը սփռվեց աշխարհով մեկ», ասվում էր Բյուրոյի հայտարարության մեջ: Բացի այդ`«ՙընդունվել է Հայկ. ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի այն առաջարկը, որ 1990թ. ապրիլի երկրորդ կեսին Երեւանում գիտական նստաշրջան անցկացվի Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության խնդրի վերաբերյալ` խորհրդային եւ արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ»:

 

Փաստորեն, առաջին անգամ հայ կոմունիստների նախաձեռնությամբ է սկիզբ դրվել Հայոց ցեղասպանության կլոր տարելիցները միջազգային խորհրդաժողովներով նշելու ավանդույթը: Ավելին, կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանն է հրապարակավ առաջինը կարեւորել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ունենալու անհրաժեշտությունը: «Երեւանում, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի համակարգում անհրաժեշտ է ստեղծել հայոց եղեռնի ուսումնասիրության միջազգային գիտական հետազոտությունների ինստիտուտ», – 1990թ. ապրիլի 17-20-ը Երեւանում անցկացված «Հայերի ցեղասպանությունը. պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» միջազգային խորհրդաժողովի իր ելույթում ասել է Մովսիսյանը: Մարզահամերգային համալիրում կազմակերպվեց նաեւ սգո երեկո, որի ընթացքում ելույթ ունեցան Մովսիսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն:

 

«Խորհրդային Հայաստան» թերթի 1990թ. ապրիլի 24-ի համարի բոլոր չորս էջերը նվիրված են Հայոց ցեղասպանությանը: Առաջին էջում դրվել է նաեւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հայտարարությունը` 1915-23 թթ. «սարսափելի կոտորածների» մասին: ԱՄՆ նախագահներից առաջինը Բուշ ավագն էր, ով Ապրիլ 24-ի առիթով դիմեց ամերիկահայությանը:

 

Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Մովսիսյանը խորհրդարանի մի ելույթում հայտարարեց, որ 1920-ական թթ. «մեր ժողովրդի թիկունքում կնքած եւ նրա ազգային շահերը ոտնահարող միջազգային բոլոր պայմանագրերն ու պետական ու կուսակցական որոշումները անհապաղ պիտի վերանայվեն եւ չեղյալ հայտարարվեն, խորհրդարանը պետականորեն պետք է հանդես գա պահանջատիրության իրավունքով եւ պաշտպանի Հայ դատը, հասնի 1915թ. ցեղասպանության միջազգային ճանաչմանը»:

 

1990թ. օգոստոսին Հայաստանի խորհրդարանը ոչ միայն ընտրեց նախագահ` ի դեմս Տեր-Պետրոսյանի, այլ նաեւ` Անկախության հռչակագիր: Դրանց նախագծերում  կային մի շարք կետեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանը եւ Հայկական հարցին:

 

Անկախության հռչակագրի շուրջ մեկ տասնյակ նախագծերից խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը պատգամավորների քննարկությանը ներկայացրեց երեքը: Տարբերակներից մեկում ասվում էր, որ «1920թ. դեկտեմբերի 2-ի պայմանագիրը պարտադրված է եղել Հայաստանին», որն ստորագրելուց անմիջապես հետո Ռուսաստանը եւ Թուրքիան «ՙօկուպացրել են Հայաստանը», իսկ «1921թ. մարտի 16-ին, անտեսելով անկախ Հայաստանի գոյությունը եւ խախտելով միջազգային իրավական նորմերը, առանց Հայաստանի ներկայացուցիչների ստորագրվել է ռուս-թուրքական դաշնագիր, որով Հայաստանի տարածքների մեծ մասը տրվել է Թուրքիային եւ Ադրբեջանին»:

 

Նախագծերից մեկով առաջարկվում էր «ապօրինի ճանաչել» Հայաստանի Հանրապետությունը «մասնատող պայմանագրերը» եւ «վերստին ընդունել Սեւրի դաշնագիրը»: Երրորդ տարբերակում Հայկական հարցին եւ ցեղասպանությանը անդրադարձ չկար ընդհանրապես: «Խորհրդային Հայաստան» թերթը օգոստոսի համարներից մեկում տպագրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած հռչակագրի նախագիծը, որտեղ ոչ մի տող չկար 1915-ի մասին:

 

Խորհրդարանի հատուկ հանձնաժողովը երեք տարբերակներից հետո ներկայացրեց Հռչակագրի նախագծի նոր տարբերակ` կազմված 11 կետերից, որտեղ եւս բառ անգամ չկար 1915-ի մասին: Հանձնաժողովի անդամ Մեխակ Գաբրիելյանը առաջարկեց 10-րդ կետից հետո ավելացնել. «1920թ. դեկտեմբերի 2-ից մինչեւ 1923թ. Խորհրդային Հայաստանի կնքած եւ առանց Խորհրդային Հայաստանի մասնակցության իր վերաբերյալ կնքած բոլոր պայմանագրերը եւ կուսակցական մարմինների ընդունած որոշումները համարել չեղյալ եւ ապօրինի»: Հանձնաժողովի չորս այլ անդամներ` Իգոր Մուրադյանը, Աշոտ Նավասարդյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Ռաֆիկ Համբարձումյանը, առաջարկեցին հետեւյալը. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային դատապարտման եւ պատժման աշխարհի ողջ հայության պահանջին»:

 

Խորհրդարանի պատգամավոր Ռա‎‎ֆայել Իշխանյանը գրում է. «Ամենից երկարատեւ բանավեճը ծավալվեց 1915թ. մեր մեծագույն ողբերգությունը Հռչակագրի մեջ հիշատակելու հարցի շուրջ: Նախագահ Տեր-Պետրոսյանը շատ հանգամանալից ու համոզիչ բացատրեց, որ ցեղասպանության հարցը Հայաստանի անկախության Հռչակագրում դնելը քաղաքական եւ դիվանագիտական տեսակետից ճիշտ չէ, որ դրան կարելի է մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ: Նույնը շատ հիմնավոր բացատրեցին նաեւ 6-7 պատգամավորներ: Սակայն հայկական պարզունակ զգացմունքային տարերքն այս անգամ էլ հաղթեց բանականությանը: Եղան վերամբարձ ճառեր Սփյուռքի անունից, թե ինչպես կարելի է մեր նահատակներին մոռանալ, թե Հռչակագրում 1915 թիվը չհիշատակելը դավաճանություն է: Ընդամենը 25 պատգամավոր քվեարկեց Հայաստանի անկախության Հռչակագրում 1915 թիվը հիշատակելու դեմ»:

 

1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրում, որի տակ դրված է այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ասվում էր. «Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

 

Ահա հենց այս կետն էին նաեւ թուրքերը մատնանաշում ու, դա դարձնելով մատի փաթաթան, հրաժարվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

 

Հետագայում ամերիկյան «Նյու Յորք Թայմս» հեղինակավոր օրաթերթը գրեց. «Խիստ եռանդուն եւ ըմբոստ խորհրդարանում նախագահը (Տեր-Պետրոսյանը) Թուրքիայի հարցում դեմ գնաց հայկական ավանդական քաղաքականությանը: Նա պնդում էր, որ Հռչակագրից հանվի այդ ողբերգության կրքոտ դատապարտումը, նկատի առնելով, որ իսկապես ազատ Հայաստանը կարիք պիտի ունենա իր հարեւանների հետ ավելի սերտ հարաբերությունների նոր շրջան սկսելու: Թեեւ նրան չհաջողվեց Հռչակագրից հանել այդ կետը, սակայն ժողովրդի աչքում չտուժեց»:

 

Հատված

Թաթուլ Հակոբյանի «Հայացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքից

 

Նոյյան տապան   –   Հոդվածներ

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

 

http://nt.am/am/news/243275/

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)