Պետք է հասկանանք՝ Արցախի հարցի կառավարումը գալիս է դրսից. աշխարհի ուժեղները սահմանում են՝ ով ինչով պետք է զբաղվի և 2 ժողովրդին բերում անակնկալի. Մանուչարյան

12:21 • 15.08.17

Արցախում, ցավոք, անակնկալներ ամեն վայրկյան կարող են լինել, և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է պատրաստ լինեն դրանց: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը՝ վերլուծաբանը նշեց, որ դա մեծ հաշվով Հայաստանին, հայ ժողովրդին ոչինչ չի տալու, քանի որ թելադրվում է աշխարհի ուժեղների կողմից: Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող արցախյան հիմնախնդիրն ի շահ հակամարտող կողմերի ժողովուրդների լուծել, քանի որ առաջին հերթին սպասարկում է նախագահող երկրների շահերը:

«Պետք է հասկանանք, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ աշխարհի շատ պետությունների պետական համակարգերը, բարձրաստիճան պաշտոնյաները չեն ներկայացնում այդ երկրները: Հայաստանի քաղաքականություն, հայ ժողովրդի կամք, այդպիսի բաներ գոյություն չունեն: Այդ հարցերի կառավարումը գալիս է դրսից, աշխարհի ուժեղները սահմանում են՝ ով ինչով պետք է զբաղվի և հանկարծ ժողովուրդներին կանգնեցնում են անակնկալի առջև»,- շեշտեց Աշոտ Մանուչարյանը:

Այն, ինչ կատարվեց, այսօր ինչ է կատարվում և վաղը ինչ է կատարվելու Արցախում, նրա խոսքով, կախված է ոչ թե նրանից, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ են որոշել, այլ Հայաստանից ու Ադրբեջանից դուրս նրանց համար ինչ է որոշվել և հրամցվելու:

Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ Արցախում ամեն վայրկյան սպասվող անակնկալներին միակ դիմակայող, կասեցնող ուժը ամբողջ հայությունն է:

«Հայությունը հզորագույն համակարգ է, և այս օրերին արագ թափով գնում է վերականգնում, ինչպես նաև այն համակարգերի ընդլայնում, որոնք զբաղվելու են հայության անվտանգության խնդիրներով: Այդ համակարգերն արդեն այսօր ի զորու են շատ հարցադրումներ կատարել, շատ քայլեր իրականացնել»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Հակոբ Ասլանյան

http://www.tert.am/am/news/2017/08/15/Manucharyan/2457604

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)