Maariv-ի հրապարակումը Ադրբեջանի վարկանիշին ծանր հարված է հասցրել. փորձագետ

Իսրայելական Maariv պարբերականի հրապարակումը Ադրբեջանի վարկանիշին ծանր հարված է հասցրել: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով իսրայելական լրատվամիջոցների Ադրբեջանի համար անբարենպաստ տեղեկությունները:

Արկադի Գրիգորյանի խոսքով՝ տվյալ արտահոսքի պատճառը, հավանաբար, իսրայելական կողմի հաշվարկն է՝ ուղղված Ադրբեջանի սպառազինության մեջ Իսրայելի դերակատարման հանդեպ հայկական կողմի քննադատական վերաբերմունքի մեղմացմանը. «Եթե նրանք կարծում են, որ մենք իրենց ավելի պակաս կհանդիմանենք, սխալվում են: Մենք, միեւնոււյն է, կհանդիմանենք: Իրենց երկրում էլ մարդիկ կգտնվեն, որոնք կքննադատեն»:

Փորձագետը կարծում է, որ կա նաեւ երկրորդ բաղադրիչը, որը մենք զգացմունքների ազդեցությամբ չենք նկատում. «Հնարավոր է՝ Իսրայելի որոշ շրջանակներ այնքան էլ գոհ չեն Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությամբ: Սա կարող է կապված լինել Ադրբեջանի ցածր որակական տվյալների, «գցելու» փորձերի, վերջին տարիներին Ադրբեջանի ախորժակը սահմանափակելու հետ»:

Դրա հետ մեկտեղ, փորձագետը շեշտեց, որ անօդաչուի օպերատորը պետք է Պաշտպանության նախարարության հատուկ թույլտվությունը ստանա, բայց բարոյականությամբ չի առաջնորդվում:

«Սա նաեւ ցույց է տալիս ադրբեջանցի մասնագետների պատրաստվածության ցածր մակարդակը: Ըստ էության, նրանք 10 տարի աշխատում են իսրայելական կողմի հետ, բայց դեռեւս տեխնիկան կառավարելու հարցում օգնության կարիք ունեն: Լուրեր էին պտտվում, որ ապրիլյան պատերազմի ժամանակ իսրայելական անօդաչուները կառավարել են իսրայելցի մասնագետները: Այս հրապարակումը հաստատում է այդ լուրերը»,- նշեց Արկադի Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ մամուլում ծագած սկանդալը ծանր հարված է հասցրել ադրբեջանական բանակի վարկանիշին: «Միաժամանակ, ադրբեջանական կողմը հարված է հասցրել Իսրայելի հեղինակությանը՝ որպես հուսալի ռազմական գործընկերոջ եւ սպառազինության մատակարարի: Փաստորեն, Բաքվում փորձել են իսրայելցի մասնագետներին ստիպել գնալ ապօրինի քայլի»,- եզրափակեց Արկադի Գրիգորյանը:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)