Թուրքիայում գյուլենականների դեմ գործողության ընթացքում ձերբակալվել են հետախուզական վարչությունների պաշտոնյաներ

18:25 • 11.08.17

Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած կադրային զտումներն ու զանգվածային ձերբակալությունները չեն շրջանցել նաև հետախուզական տարբեր վարչությունների պաշտոնյաներին:

Ինչպես գրում է թուրքական haberler.com կայքը, այսօր Թուրքիայի 6 նահանգում անվտանգության ուժերը միաժամանակ ձեռնարկել են խուզարկողական լայնածավալ գործողություններ, ինչի արդյունքում ձերբակալվել է Սամսունի Ժանդարմերիայի հետախուզական վարչության պետը:

Նշենք, որ Սամսունի Ժանդարմերիայի հետախուզական վարչության մի շարք նախկին պաշտոնյաներ մեղադրվում են պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկությունները թաքցնելու համար:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

http://www.tert.am/am/news/2017/08/11/turkey/2455300

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)